«Շախմատը դպրոցներում»: Այսպես է կոչվում շախմատին նվիրված միջազգային գիտաժողովը, որն այս օրերին ընթանում է Երևանում` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Գիտաժողովի բացմանն այսօր ներկա է եղել երկրի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Գիտաժողովում, որին մասնակցում են աշխարհի 30 երկրների 180 ներկայացուցիչ, ելույթ են ունեցել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Օրվա բանախոսները կարևորել են գիտաժողովը՝ այն համարելով փորձի փոխանակման լավ առիթ, նշել, որ այն կարող է խթանել ինչպես շախմատի հետագա զարգացումը, այնպես էլ նպաստել շախմատի դերի բարձրացմանը դպրոցում:
Սմբատ Լպուտյանը, մասնավորապես, իր խոսքում պարզաբանել է հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում շախմատի ներդրման նպատակը: Լպուտյանն ասել է, թե շախմատն «ամբողջությամբ արդարություն է պարունակում»: «Երեխան փոքր տարիքից սկսում է սովորել արդար պահվածք՝ արդար մթնոլորտում և արդար խաղում: Սա շատ կարևոր է հասարակության զարգացման համար»,- ասել է Սմբատ Լպուտյանը: Վերջինս նշել է, թե շախմատը նաև օգնում է ինքնուրույն որոշումներ կայացնելուն: Մասնավորապես հայ ծնողները թելադրում կամ ուղղորդում են իրենց երեխաներին, որը խանգարում է երեխային՝ որպես անհատականություն ձևավորվելու:
Նշենք, որ գիտաժողովի օրակարգի շրջանակում Երևանում բացվել է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի արձանը, որը 1965-ին ստեղծել է քանդակագործ Արա Սարգսյանը, սակայն քանդակը պահվել է քանդակագործի տուն-թանգարանում: Արա Սարգսյանի ընտանիքը Տիգրան Պետրոսյանի 85-ամյակի առթիվ որոշել է քանդակը նվիրել Շախմատի տանը: Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում բացվել է նաև շախմատի դպրոց, որտեղ անվճար կարող է սովորել 5-8 տարեկան մինչև 350 երեխա: